«Մասնակցային բյուջետավորում-2026»-ի շրջանակում Դիլիջանի համայնքապետարանը հանրությանը ներկայացրել էր 9 նախաձեռնություն, որոնցից քվեարկության է ենթարկվեցին 3-ը։ Այդ նախաձեռնություններից մեկը Վիկտորիա Անդրիասյանի հեղինակած «Դիլիջան քաղաքի գրադարանի հիմնանորոգում եւ վերաբացում» նախագիծն էր։
Այս նախագիծը նպատակ ունի վերականգնել Դիլիջանի գրադարանի լիարժեք գործունեությունը, որը ներկայումս չի գործում եւ խոչընդոտում է քաղաքի բնակիչներին եւ այցելուներին մատուցվող կրթական, մշակութային եւ տեղեկատվական ծառայություններին։ Ծրագրի իրագործումը կբարելավի շենքային եւ ներքին պայմանները, կապահովի կառավարման եւ ընթերցասրահների անվտանգ ու հարմարավետ գործառույթը, ինչպես նաեւ կստեղծի անհրաժեշտ նախադրյալներ՝ գրադարանի մշտական աշխատանքի եւ ծառայությունների մատուցման համար։
Այնուամենայնիվ, նախաձեռնությունը չի կարող իրականացվել «Մասնակցային բյուջետավորում-2026»-ի շրջանակում։ Դրա պատճառն այն է, որ Դիլիջանի քաղաքային գրադարանը տեղակայված է Դիլիջանի մշակույթի պալատի շենքում, որի նորոգման սուբվենցիոն ծրագիրը ներկայումս կիսատ է։
Հիշեցնենք, որ մշակույթի պալատի նորոգման աշխատանքները սկսվել են 2022 թվականի դեկտեմբերին։ Այս սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 283 միլիոն դրամ է, որի 60 տոկոսը Դիլիջան համայնքի ներդրումն է։
