Եվրոպական միության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հավաքի ընթացքում, որը տեղի ունեցավ փետրվարի 23-ին Բրյուսելում, քննարկվեցին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ավարտի պայմանները։ ԵՄ-ն Ռուսաստանին ներկայացրեց պահանջների ցանկ, որի կատարումը, ըստ ԵՄ-ի, պետք է հանգեցնի Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Սակայն այս պահանջների ցանկը, որը մշակվել է 2022 թվականից ի վեր, ոչ միայն չափազանց ընդարձակ է, այլեւ իր բովանդակությամբ հասնում է Ռուսաստանի կողմից իր պարտության եւ կապիտուլյացիայի ընդունմանը։ Քանի որ ռազմական ճակատում Ռուսաստանը ոչ թե պարտություն է կրում, այլ շարունակում է տարածքային առաջխաղացումներ, որոնք շատերն անվանում են «սողացող առաջխաղացում», նման պահանջների կատարումը գրեթի անհնարին է։ Այսպիսով, ԵՄ-ն փաստացի արգելում է խաղաղության պայմանագրի ստորագրումը՝ մինչև Ռուսաստանը կատարում է իր պահանջները։
ԵՄ-ն չի թաքցնում, որ այս պահանջները առաջ են քաշվել ոչ թե խաղաղության հաստատման, այլ Ռուսաստանի տնտեսական եւ ռազմական ռեսուրսների մաշեցման նպատակով։ Այս մոտեցումը հստակ արտահայտեց նաեւ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Պահանջների ամբողջականությունը բացահայտում է Եվրոպայի ռուս-ուկրաինական պատերազմից ակնկալվող իրական նպատակը։ ԵՄ-ն ցանկանում է ոչ միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերահաստատել, այլեւ Ռուսաստանին վերածել իր ազդեցության գոտու։
ԵՄ-ի կողմից Ռուսաստանին ներկայացվող պահանջների ցանկում առանձնահատուկ տեղ է գրավում նաեւ Հայաստանին վերաբերող կետը՝ Ռուսաստանի զորքերի դուրսբերումը Հայաստանից։ Այս պահանջը, սակայն, ոչ միայն Հայաստանին է վերաբերում, այլեւ՝ Ուկրաինային, Մոլդովային եւ Վրաստանին։ Ըստ ենթադրությունների՝ Ռուսաստանը պետք է դուրս բերի իր զորքերը Ուկրաինայի գրաված տարածքներից, այդ թվում՝ Ղրիմից, եւ ստեղծի ապառազմականացված գոտի։ Մոլդովայի դեպքում խոսքը վերաբերում է Մերձդնեստրի Հանրապետությանը, Վրաստանի դեպքում՝ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հանրապետություններին, որոնք Ռուսաստանի կողմից ճանաչվել են անկախ պետություններ։
Եթե Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի դեպքում պահանջները հիմնավորված են միջազգային իրավունքի տեսակետից, քանի որ ռուսական զորքերը գտնվում են այդ երկրների միջազգայնորեն ճանաչված տարածքներում, եւ այդ երկրների իշխանությունները հենց իրենք են պահանջում զորքերի հեռացում, ապա Հայաստանի եւ Բելառուսի դեպքում նման պահանջը հնչում է միանշանակ տարօրինակ։ Ո՛չ Հայաստանի, եւ առավել եւս ո՛չ էլ Բելառուսի իշխանությունները Ռուսաստանի առաջ պաշտոնական պահանջ չեն բարձրացրել՝ իրենց երկրներից զորքերը դուրս բերելու համար։
ԵՄ-ի այս պահանջը փաստացի նշանակում է, որ Եվրամիությունն այս երկրներին համարում է ոչ թե ինքնիշխան պետություններ, այլ՝ իր ազդեցության գոտի, եւ այդ պատճառով իրեն իրավասու է համարում՝ որոշելու, թե այդ երկրների տարածքում ինչ զորքեր կարող են տեղաբաշխված լինել։
Իհարկե, անիմաստ է ակնկալել, որ Հայաստանի իշխանությունները որեւէ կերպ կարձագանքեն Բրյուսելի պահանջին։
ԵՄ-ի կողմից Ռուսաստանին ներկայացվող պահանջների ամբողջությունը հանգում է միայն մեկ հիմնական նպատակին․ վերածել Ռուսաստանը ԵՄ ազդեցության գոտու, ստիպել այն ընդունել ԵՄ գերիշխանությունը։ Այս պահանջների ցանկը ներառում է ապատեղեկատվության դադարեցում, միջազգային իրավունքի նկատմամբ ազգային օրենսդրության գերակայության վերացում, Ուկրաինային եւ եվրոպական պետություններին պատերազմի հետեւանքով հասցված վնասի համար փոխհատուցման վճարումներ, Ռուսաստանի ժողովրդավարացում, ընտրությունների միջազգային հսկողություն, քաղբանտարկյալների ազատ արձակում եւ այլն։
Այս պահանջների կատարումը Ռուսաստանի համար կնշանակի ԵՄ-ից վասալային կախվածության ընդունում, ինչպիսին ունեն Հայաստանը կամ նույն Մոլդովան։ Ռուսաստանը մերժում է ընդունել այս ուլտիմատիվ եւ չհիմնավորված պահանջները, որոնք իմաստ կունենային միայն այն դեպքում, եթե Ուկրաինայի կամ ԵՄ-Ուկրաինա համատեղ զինված ուժերը լինեին Սմոլենսկի մատույցներում կամ պատրաստվեին Մոսկվայի գրավմանը։ Եվրոպացիների այս կատեգորիկությունը պայմանավորված է նրանով, որ առանց Ռուսաստանի ռեսուրսներին տիրանալու, ԵՄ-ն զարգացման որեւէ հեռանկար չունի։ Ինչպես ԱՄՆ-ն տիրացավ Վենեսուելայի նավթին, այնպես էլ ԵՄ-ն ցանկանում է տիրանալ Ռուսաստանի հանածոներին՝ դրան հասնելով միայն Ռուսաստանին պարտության մատնելու եւ դրածո իշխանություն նշանակելու միջոցով։
