ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլը հետամանորյա, ավելի շուտ՝ նախընտրական նվեր մատուցեց թոշակառուներին։ Կիսամեռյալ տոնով՝ Ֆեյսբուքի միջոցով հայտարարեց, որ ապրիլի 1-ից ցածր թոշակներին կավելացվի 10 հազար դրամ, իսկ բարձրերին՝ ավելի պակաս։
Սովորաբար մարդիկ նվեր են մատուցում Ամանորի կամ էլ ծննդյան օրվա կապակցությամբ։ Իսկ ավելի հիմնավոր տրամադրվելիքի առումով պետբյուջեում գրվում է, որ, ասենք, 2026 թվականի հունվարի 1-ից թոշակները բարձրացվելու են։ Ու դա հիմնավորվում է նրանով, որ գործող իշխանությունը կյանքի է կոչում թոշակառուների համար ապրելու նորմալ պայմաններ ապահովելու՝ պետության հանձնառությունը։
Բայց Հայաստանում 2018 թվականի մայիսից տիրում է աննորմալ մտածողություն։ Թոշակը բարձրացվում է այն ժամանակ, երբ դրանից կարճ ժամանակ առաջ ապացուցում էին դրա անհնարին լինելը։ Հայտարարվում էր, որ պետբյուջեում փող չկա նման մեծաթիվ գումար (խոսվում էր 600-700 միլիարդ դրամի մասին) թոշակների բարձրացմանը տրամադրելու համար։ Հեգնելով թոշակառուներին՝ ասվում էր նաև, թե պարգևավճարների փոխարեն 11 հազար դրամի ավելացման դեպքում թոշակառուն չի իմանալու, թե ինչի վրա ծախսի այն։
Ինչևէ, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է հիմնավորել, թե ինչպես ստացվեց, որ հնարավոր եղավ բարձրացումը։ Իր ասելով, նախ, տնտեսական աճն ավելի շատ եղավ, քան նախատեսվել էր նախորդ տարի, ու դա իրենք իմացան հենց երևի երեկ։ Որպես նախկինում տնտեսական ոլորտի լրագրող, կարող եմ վստահաբար պնդել, որ սա սուտ է։ ՀՆԱ-ի ցուցանիշի մասին ինքը չէր կարող տեղյակ չլինել մի քանի շաբաթ առաջ։ Երբ հայտարարում էր, թե բավարար գումար չկա բյուջեում։
Ասում է, որ ՀԴՄ կտրոն պահանջելու և (ինձ նման) թոշակառուների՝ մշտապես քարտով գնումներ կատարելու շնորհիվ էր դա։ Ասում է, որ առողջապահության ապահովագրության իրենց կանխատեսումը ճիշտ դուրս եկավ, ու իրենք կարող են գումար տրամադրել թոշակի բարձրացմանը։ Այնինչ, մեկ-երկու շաբաթ առաջ, երբ ասվում էր, թե փող չկա կամ 11 հազարը ինչպես է ծախսելու թոշակառուն, ոչ մեկը դրա մասին չէր էլ հիշել։ Այնպես որ այդ գործոնները ևս որևէ դեր չեն կատարել այդ հարցում։
Ու ամենամեծ սուտը․ իրենք առաջնորդվել են նախօրոք մշակված ծրագրով, ըստ որի նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին, իսկ միջին թոշակը՝ սպառողական զամբյուղին համապատասխանեցնելն էր մինչև հունիսի 7-ը։ Սա, նախ, ուղղակի ձեռառնոցի է։ Երկրորդ, ես արդեն չեմ հիշում՝ նման խոստում եղել է, թե ոչ, սակայն դա ԱԺ ընտրությունից հարյուր քանի օր առաջ կատարելը վկայում է ոչ թե ծրագրային պահանջի, այլ զանգվածային կաշառք բաժանելու մասին։ Հատկապես՝ եթե կրկին հիշենք 11 հազարը ծախսելու՝ թոշակառու անկարողության մասին նրա ելույթը։
Իրականում նվազագույն թոշակն ապրիլի 1-ից 10 000 դրամով բարձրացնելու որոշումը վկայում է, որ վերջինս հույս չունի, որ հունիսի 7-ին կստանա 500-600 հազար կազմող թոշակառուների գոնե մի մասի քվեն։ Այդ մասին են վկայում նաև փակ սոցհարցումները, որոնց մասին պատառիկներ են հայտնի դառնում հասարակությանը։ Ու ինքն էլ ստիպված գնացել է պետական միջոցներով թոշակառուներին զանգվածաբար կաշառելու քայլին։
Եվ վերջապես Նիկոլը Նիկոլ չէր լինի՝ եթե չխոսեր անկախության, ինքնիշխանության և այլնի մասին՝ մարդկանց փորձելով համոզել, թե հենց իրենք են դա ապահովում։ Այնինչ, դա անում է իշխանությունն իր գրագետ ու հայրենասիրական բնույթի գործողություններով։ Էլ չասած, որ պետության ինքնիշխանության առաջնային գործոն բանակն իրենց իշխանության ժամանակ վերածվել է չգիտես ինչի…
