Լոռու մարզում վիճաբանության հետևանքով երկու եղբայրներ են վիրավորվել

Փետրվարի 22-ի երեկոյան, ժամը 22։40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել է զանգահարություն, որի համաձայն «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Արշակ Ա․-ն։ Նրա մոտ բժիշկները ախտորոշել են «ակնագնդի տրավմատիկ վնասվածք»։

Քիչ անց նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել նրա եղբայրը՝ 45-ամյա Արտակ Ա․-ն, որը ստացել է «գլխի գագաթաքունքային կոտրվածք ձախից» և «կրծքավանդակի ձախ կեսի կտրած չթափանցող վերք»։

Լոռու մարզային քրեական վարչության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վիճաբանությունը տեղի է ունեցել փետրվարի 22-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Ուսանողական 5 հասցեի մոտ։

Հարցերի շուրջ բախվել են երկու խմբեր։ Մի կողմից՝ Լոռու մարզի բնակիչներ 22-ամյա Տիգրան Բ․-ն, 50-ամյա Մարտիկ Ռ․-ն, 22-ամյա Արմեն Ռ․-ն և 26-ամյա Ասատուր Ռ․-ն, իսկ մյուս կողմից՝ Արշակ և Արտակ Ա․-երը։ Վիճաբանության ընթացքում Ասատուր Ռ․-ն դանակով հարվածներ է հասցրել եղբայրներին՝ պատճառելով նրանց ստացած վնասվածքները։

Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ Տիգրան Բ․-ին, Ասատուր և Արմեն Ռ․-երին ու հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի փաստով կազմվել են պաշտոնական փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությանը։