Breaking
13 Jun 2026, Sat

Զինված ուժերի հեղինակազրկումը՝ քարոզչական նպատակներով

Վերջին օրերին համացանցում լայն քննարկում է առաջացել Նիկոլ Փաշինյանին մերձակա բլոգերների կողմից կազմակերպված այցի շուրջ, որն իրականացվել է ՀՀ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Այս այցի արդյունքում նկարահանված տեսանյութերը հրապարակվել են՝ բարձրացնելով հասարակության անհանգստությունը։

Այս իրադարձության իմաստը խորացվում է, երբ հաշվի ենք առնում, որ այս բլոգերներին ուղեկցել է Նիկոլ Փաշինյանի օգնական Գագիկ Իսախանյանը, որը, ի դեպ, ժամանակին՝ որպես զոհվածի եղբայր, ակտիվ մասնակցություն է ունեցել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց բողոքի ակցիաներին։ Այս պարագայում զորամաս այցելությունը կարելի է բնութագրել որպես նախընտրական-քարոզչական գործողություն, որը կատարվում է անձամբ Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ։

Մենք ականատես ենք դառնում հերթական ագամ գործի՝ զինված ուժերի հեղինակազրկման և համազգեստն անարգելու դիտավորյալ փորձի։ Դրան ավելացվում է նաև օրենքի հետ կապված հնարավոր խնդիրների հարցը։

Հրապարակված տեսանյութերից ենթադրվում է, որ այցը կատարվել է ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի ենթակայությամբ գտնվող զորամասում։ Այս հարցումը հատկապես արդիական է դարձնում 3-րդ կորպուսի նախկին հրամանատարների՝ Գրիգորի Խաչատուրովի, Օնիկ Գասպարյանի և այլոց հարցը։ Ի՞նչ կասեին նրանք, եթե նման իրադարձություն տեղի ունենար իրենց ղեկավարման օրոք։ Խաչատուրովը պաշտոնավարել է նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, և հարցը բնական է՝ կարո՞ղ էր լինել այն, ինչ այսօր է տեղի ունենում, հենց այն գնդում, որտեղ նա ղեկավար պաշտոն է զբաղեցրել։

Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ ՀՀ Պաշտպանության նախարարությունը վաղուց լրագրողների այց չի կազմակերպել զորամասեր, և ժամանակ առ ժամանակ արգելքներ են դրվել ընդդիմադիր պատգամավորների այցերի դեպքում։

Այս իրավիճակը հարցեր է առաջացնում նաև ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նկատմամբ։ Արդյո՞ք նա հաշտ է բանակի հեղինակազրկման նման փաստերի հետ, կամ՝ ի պաշտոնե ունենալով բավարար լիազորություններ, քաղաքական առումով կաշկանդված է, անկարող՝ Փաշինյանի հակաբանակային քայլերի դեմն առնելու։ Ի վերջո, ամեն ինչ պետք է սահման ունենա, հատկապես, երբ խոսքը վերաբերում է պետական անվտանգությանը։

Այս իրադարձությունը տեղի է ունենում նաև այն պարագայում, որ Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս չի այցելում Նոր տարվա նախաշեմին զորամասեր և մարտական հենակետեր՝ զինվորների և սպաների շնորհավորելու համար։

Այս ամենը բացարձակ զարմանալի չէ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը քարոզչական նպատակներից ելնելով՝ քաղաքացիական խմբերի ուղեկցմամբ այցելում էր ամրացված շրջաններ, ցուցադրում վերջին տարիներին ձեռք բերված սպառազինության նմուշները։ Իսկ մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում կայանալիք սպառազինության ցուցադրությունը բացառապես քաղաքական հաշվետվություն է լինելու, որտեղ պաշտպանության նախարարությունը, նրա ղեկավարությունը և բանակը չեն լինելու հերոսը, այլ բացառապես Նիկոլ Փաշինյանի անձը։

Երբ պատահական մարդիկ մուտք են գործում զորամասեր, առաջինը թիրախում հայտնվում է ՀՀ Պաշտպանության նախարարը, քանի որ բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք կա նրա թույլտվությունը։ Եթե չկա, սա վտանգավոր այլ երևույթի մասին է վկայում, երբ դժվար իրավիճակներ են ստեղծվում յուրային և կուսակցական նախարարի համար, դե ֆակտո սահմանափակելով նրա լիազորությունները։

Իսկ Նիկոլ Փաշինյանի մերձակա բլոգերները եղել են նաև Կիրանցում, որտեղ նկարահանել և մանրամասն ցուցադրել են ամրացված շրջաններում ստեղծված պայմանները, ինչպես նաև՝ հակառակորդից մետրերի հեռավորության վրա գտնվող դպրոցի ապաստարանը։

Հիշեցնենք, որ «Պետական գաղտնիքի մասին» օրենքը հստակ սահմանում է, որ պետական գաղտնիքի շարքին են դասվում զորքերի ծավալման, նրանց մարտունակության, մարտական հերթապահության կրման ձևերի ու եղանակների, ղեկավարման համակարգի փոխդասավորության, գործունեության հաջորդականության, համակարգի հասանելիության, ամբողջականության, համակողմանի ապահովման վերաբերյալ տեղեկությունները։ Հենց սա է այն, ինչի մասին պետք է հիշել՝ նշելով օրենքի հետ կապված խնդիրները։